2023-2024 ուս. տարվա հաշվետվություն

2023-2024 ուսումնական տարին ինձ համար և՜ երկար սպասված էր, և՜ խոչընդոտներով լի։ Սպասված էր, քանի որ ֆիզարձակուրդից այս տարի եմ վերադարձել և շատ կարոտել էի աշխատանքս, աշակերտներիս, գործընկերներիս: Մյուս կողմից էլ պետք է կարողանայի համատեղել մանկահասակ երեխաներիս խնամքն ու աշխատանքս։ Ինչ-որ առումով տուժում էր աշխատանքս, քանի որ չէի կարողանում մասնակցել բոլոր սեմինարներին, մանկավարժական խորհուրդներին, ճամփորդություններին։ Պետք է երեխաներիս վերցնեի պարտեզից կեսօրին, և այդ պատճառով չէի կարողանում լիարժեք նվիրվել երեխաներիս խնամքին, տրամադրել նրանց որակյալ ժամանակ։ Լուծման համար նախապես պլանավորեցի աշխատանքս, դասաժամերն ու անձնական ժամանակը, որպեսզի կարողանայի հավասարապես բաժանել ուշադրությունս։ Այնուամենայնիվ, տարին թեև դժվար էր, ուրախ եմ, որ վերադարձա իմ սիրելի աշխատանքին։

Մասնագիտական տեսանկյունից տարին համարում եմ բավականին հաջողված։ Տարվա ընթացքում կարողացա ավելի լավ պատկերացնել, թե ինչ նախագծեր կարելի է իրականացնել։ Դրանք դարձան ավելի դիպուկ, արդյունավետ և հետաքրքիր։ Սովորողների արձագանքը և նրանց մեծ ներգրավվածությունը փաստում են այդ մասին։ Բացի դրանից այս տարի ավելի շատ կենտրոնացել էի սովորողների մոտիվացիայի բարձրացման և նրանց անհատապես մոտեցում ցուցաբերելու վրա։ Սկզբնական շրջանում դժվար էր բոլոր սովորողներին ներգրավված պահել դասերին։ Կիրառեցի տարբեր մոտիվացիոն մեթոդներ՝ խմբային աշխատանքներ, խաղերի միջոցով ուսուցում, ինչը նպաստեց նրանց ակտիվ մասնակցությանը։

Այս տարի որոշ դժվարություններ եմ ունեցել միջին դպրոցում ընտրության գործունեության խմբի հետ աշխատելիս։ Միջին դպրոցում ընտրության գործունեության կարգը փոխվել է, և սովորողները կարող են ընտրել տվյալ գործունեությունը շաբաթական երկու կամ չորս ժամով, ստացվում է խմբի մի մասը շաբաթական երկու ժամ՝ այսինքն մեկ օր էր հաճախում իսպաներենի, մյուս մասը՝ չորս ժամ՝ շաբաթական երկու օր։ Այս փոփոխությունը հանգեցրեց մի շարք մարտահրավերների։ Հարկավոր էր ծրագրավորել դասաժամերը այնպես, որ երկու խմբերը ստանան նույն մակարդակի կրթություն, չնայած նրանց հաճախելու տարբեր հաճախականությանը: Նաև երկու խմբերը տարբեր տեմպով էին առաջադիմում, ինչը դժվարացնում էր նյութերի համաչափ դասավանդումը: Այդուհանդերձ, կիրառել եմ մի շարք լուծումներ, որոնք օգնեցին հաղթահարել այս դժվարությունները։ Ստեղծեցի ճկուն ուսումնական ծրագիր և հանձնարարությունները այնպես էի կազմում, որ երկու խմբերն էլ կարողանային ավարտել դրանք միաժամանակ և ապահովել հավասար կրթություն: Այն օրերին, երբ երկրորդ խումբը դասին ներկա չէր, նրանք կարող էին ինքնուրույն աշխատել այդ օրվա նյութերի և առաջադրանքների վրա, որոնք տեղադրվում էին իմ բլոգում՝ մանրամասն բացատրված։ Իհարկե ոչ բոլոր սովորողներն են հակված ինքնուսուցման, այդ տարիքում ուսուցումը դեռ գիտակցված չէ, ուսուցչի հետևողականությունը շատ կարևոր է այս դեպքում, բայց որոշ չափով ստացվեց հասնել արդյուքնի, չնայած նրան, որ ես այս կարգի հետ հաշտ չեմ և գտնում եմ, որ օտար լեզու սովորելու համար շաբաթական մեկ օրը արդյունավետ չէ։

Աշխատանքային ծանրաբեռնվածությունս 20 ժամ է եղել՝ 16 ժամ քոլեջում, որից 4-ը զբոսաշրջություն, 12-ը՝ իսպաներեն, և 4 ժամ միջին դպրոցում՝ որպես իսպաներենի ընտրության գործունեություն։

Աշխատաժամանակ

Նախագծեր / իսպաներեն

Այս տարի իրականացրել եմ և՜ իմ հին նախագծերը, և՜ ամբողջովին նոր նախագծեր։ Նախագծերի հիմնական ուղղվածությունը զբոսաշրջային են եղել, քանի որ դասավանդում եմ միայն զբոսաշրջության բաժնի սովորողներին, որոնց համար իսպաներենը մասնագիտական առարկա է։ Ստորև ներկայացնում եմ հին նախագծերս, որոնք հաջողվել էին նախորդ տարիներին և այս տարի նույնպես շարունակել եմ։

  • «Ես սիրում եմ իմ քոլեջը/դպրոցը» , նախագիծը իրականացրեմ եմ «Սեբաստացու օրերի» շրջանակներում, սովորողները պատմում են իրենց դպրոցի, քոլեջի մասին, ի՞նչն են կարևորում, ինչու՞ են սիրում այն։ Նախագիծը սկսնակ սովորողների համար է նախատեսված, երբ դեռ նոր են սկսում նախադասություն կազմել, արտահայտվել օտար լեզվով։
  • «Իմ թաղամասը/քաղաքը» , զբոսաշրջային մասնագիտական նախագիծ է, թույլ է տալիս սովորողներին ձեռք բերել մասնագիտական բառապաշար, ամրապնդել սովորածը և կիրառել այն։
  • «Իսպանախոս աշխարհը», շատ եմ կարևորում նաև ուսուցանվող լեզվի մշակույթին, պատմությանը, ավանդույթերին ծանոթանալը, այս նախագիծը ավելի շատ մոտիվացիոն ու ճանաչողական է, ամեն սովորող գտնում է իրեն հետաքրքրող թեմա և կապ է ստեղծում ուսոցանվող լեզվի հետ։
  • «Թումանյանն իսպաներենով», այս նախագծի միջոցով զարգանում է սովորողների թարգմանական հմտությունները։
  • «Մեր քոլեջը», նախագիծը անում եմ բարձր կուրսի սովորողների հետ, նրանք պիտի գովազդային հոլովակներ պատրաստեին քոլեջի տարբեր մասնագիտությունների մասին, նախագծի շնորհիվ զարգանում է սովորողների բանավոր խոսքը, ստեղծարարությունը։
  • «Ողջույն, ես եմ», սա անում եմ սկսնակ սովորողների հետ, երբ նրանք նոր սովորում են իրենց ներկայացնել իսպաներենով, մի փոքր պատմել իրենց մասին, այս նախագծից սովորողները շատ են ոգևորվում, որ կարողանում են իսպաներենով արտահայտվել։

Նոր և առավել հաջողված նախագծեր՝

  • «Բանավեճի ակումբ», նախագիծը անում եմ բարձր կուրսերի հետ, շատ սիրված է սովորողների կողմից բանավեճի ձևաչափը, բանավիճում ենք նախապես որոշված թեմայի շուրջ, սովորողները տանը պատրաստվում են, ներկայացնում են թեմայի վերաբերյալ իրենց տեսանկյունը, քննարկում ենք կողմ և դեմ տեսակետերը, շատ լավ զարգացնում է բանավոր խոսքը և քննադատ մտածողությունը։
  • «Մեր կրթահամալիրի ծեսերը» Սեբաստացու օրերի շրջանակում ևս մեկ նոր նախագիծ եմ մտածել, սովորողները պիտի իսպաներենով ներկայացնել մեր կրթահամալիրի ծեսերի, ավանդույթների մասին։
  • «Իսպանական գրականություն», ձմեռային ճամբարի ընթացքում սկսեցինք ուսումնասիրել իսպանական գրականությունը, գրողներին, սովորեցինք և թարգմանեցինք իսպանական պոեզիա, ամփոփեցինք նախագիծը հանրային ներկայացմամբ։
  • «Սովորում ենք խաղալով», այս նախագիծը շատ սիրվեց սովորողների կողմից, քանի որ խաղերի մի մասն էլ իրենց էին կազմում, դա նպաստեց նաև սովորողներ մոտիվացիայի բարձրացմանը և ստեղծարար հմտությունների զարգացմանը։
  • «Իսպանախոս երկրները», նախագիծը իրականացրել եմ միջին դպրոցի սովորողների հետ՝ իսպանախոս երկրները ավելի լավ ճանաչելու, մտահորիզոնը ընդլայնելու և հետազոտական հմտությունները զարգացնելու համար։
  • «Աշխարհը փոխած հայուհիներ», քոլեջի բարձր կուրսերի հետ են իրականացներլ այս նախագիծը, որի շնորհիվ բացահայտեցինք շատ հետաքրքիր, քաջ ու ազնից հայուհիների, ովքեր համաշխարհային պատմության մեջ իրենց հետք են թողել։

Համագործակցային նախագծեր՝

Համագործակցային նախագծեր իրականացրել եմ քոլեջի զբոսաշրջության բաժնի օտար լեզվի դասավանդողներ՝ Մարիամ Քալանթարյանի և Արմինե Խաչատրյանի հետ «Հայաստանի մարզերը» զբոսաշրջային նախագծի շրջանակներում։

Մայիսյան հավաքի շրջանակներում միջին դպրոցում համագործակցել եմ օտար լեզուների ընտրության գործունեության իտալերենի, ֆրասներենի և իսպաներենի մյուս խմբերի հետ։

Հավաքներ, կլոր սեղաններ

Մասնակցել եմ նաև եվրոպական լեզուների բաց հավաքին, ներկայացրել են «Իմ թաղամասը» նախագծի ամփոփումը։

Ինչպես նաև մայիսյան 19-րդ մանկավարժական հավաքի շրջանակներում մասնակցել եմ կլոր սեղանին, ներկայացրել «Հայաստանի մարզերը» համագործակցային նախագիծը։

Նախագծեր / զբոսաշրջություն

Զբոսաշրջությունից այս տարի շատ լայնածավալ և կարևոր նախագիծ եմ սկսել, որը ներառում է այդ ոլորտի մի քանի ասպեկտներ՝ սկսած տուր-փաթեթ կազմելուց, երթուղի գծելուց, գին հաշվարկելուց մինչև այն վաճառելն ու իրացնելը։ Պլանավորում եմ այս նախագիծը հաջորդ տարի ևս շարունակել՝ արդեն շտկումներ ու լրացումներ անելով, համագործակցելով այլ դասավանդողների հետ։

Նաև սկսել եմ հյուրանոցային առաջարկ կազմելու նախագիծ, որն ամբողջությամբ ամփոփում է իմ մոդուլի բոլոր վերջնարդյունքների պահանջները, այս նախագիծը ևս կշարունակեմ հաջորդ տարի։

Ճամփորդություններ

Քանի որ վերը նշել էի, որ զբաղվածության պատճառով չեմ կարողացել մասնակցել ճամփորդությունների, այս տարի միայն մեկ ճամփորդության եմ մասնակցել՝ «Հայաստանի մարզերը» նախագծի շրջանակներում։

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Ամսական հաշվետվություններ

Ուսումնական ծրագրերի, մոդուլների վերանայում, լրամշակում

Քանի որ մեկ ու կես տարի ֆիզարձակուրդում եմ եղել, իմ դասավանդած մոդուլներում չափորոշիչների, վերջնարդյունքների փոփոխություններ էին եղել, այդ իսկ պատճառով վերանայել եմ բոլոր մոդուլներս, համապատասխանեցրել եմ նոր չափորոշիչներին, լրամշակել եմ նաև միջին դպրոցի և քոլեջի ընտրության գործունեության ուսումնական ծրագրերը։

Իսպաներեն, զբոսաշրջության բաժին

Իսպաներեն ընտրության գործունեություն, միջին դպրոց

Հիմնական ծառայությունների կազմակերպումը հյուրանոցներում

Փոխադրման ծառայությունների զբոսաշրջության մեջ

Ինքնակրթություն

Այս տարի շատ ժամանակ չեմ կարողացել հատկացնել ինքնակրթությանը, բայց ամենակարևոր ձեռքբերումս համարում եմ Բլյումի տաքսոնոմիայի առցանց դասընթացին մասնակցությունս, որից շատ նոր բան եմ վերցրել մասնագիտական աճի համար, որոշ մեթոդներ և մոտեցումներ կիրառում եմ արդեն դասավանդման ընթացքում։

Շատ եմ ուսումնասիրել նաև նեյրոհոգեբանություն, մասնավորապես կարդացել եմ Татьяна Черниговская “Как научить мозг учитьса”, անչափ հետաքրքիր և օգտակար գործ էր։

Շատ եմ ընթերցել մանկական, դեռահասների հոգեբանության վերաբերվող գրքեր, հոդվածներ, լսել եմ թեմային առնչվող հաղորդումներ, փոդքաստներ։ Կնշեմ ամենատպավորիչ գրքերը։

Ամփոփելով կարող եմ ասել, որ թեպետ այս տարում խոչընդոտներ ու դժվարություններ եղել են, դրանց հաղթահարումը թույլ է տվել ավելի ճկուն և արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացը։ Հաջորդ ուսումնական տարում նպատակ ունեմ շարունակել բարելավել իմ ուսումնական մեթոդները և աջակցել իմ ուսանողներին բոլոր հնարավոր միջոցներով։ Կենտրոնանալու եմ նոր նախագծերի վրա, որոնք ավելի ինտերակտիվ և ներգրավող կլինեն։ Ես հույսով եմ, որ կկարողանամ հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել նոր հաջողությունների։

Leave a comment